Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

«Հայերիս մեջ «բանավիճել» հասկացությունը իսպառ բացակայում է, մեր մեջ վեճի հոգեբանություն, վեճի հոգեվիճակ կա միայն»

«Հայերիս մեջ «բանավիճել» հասկացությունը իսպառ բացակայում է, մեր մեջ վեճի հոգեբանություն, վեճի հոգեվիճակ կա միայն»
19.09.2014 | 11:32

«Իրատես de facto»-ի հյուրն է բեյրութահայ, իսկ վերջին տասնամյակներում նաև հայրենաբնակ դրամատուրգ ԱՐԱ ԱՐԾՐՈՒՆԻՆ:

«ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԲՆԱԿՆԵՐ ԼՔԵՑԻՆ ԵՐԿԻՐԸ, ՈՒ ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»


-Պարոն Արծրունի, Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Դուք հայրենիք եք եկել, այստեղ բնակարան գնել և դարձել հայրենաբնակ: Ինչպե՞ս վճռեցիք գնալ այդ քայլին:
-1989-ին ենք եկել հայրենիք և որոշել մնալ: Խորհրդային կարգերի փլուզումը կանխազգալով` որոշեցինք հայրենիք վերադառնալ, հավատացինք Էդուարդ Ակնունու ¥Խաչատուր Մալումյանի¤ «Դեպի երկիր» հորդորին: Նախ` զավակներիցս մեկը եկավ` տիկնոջ հետ: Նրանք մնացին այստեղ: Հետո երկրորդ զավակս եկավ: Հիմա նրանք` իրենց ընտանիքներով, այստեղ են բնակվում մշտապես: Ես և տիկինս հայրենիք ենք գալիս տարին երկու անգամ, ապրում տևական ժամանակ: Իհարկե, բավականաչափ դժվարություններ ենք ունեցել, բնականաբար, որոնց մասին չարժե խոսել: Սակայն մենք մտածեցինք, որ ինչ էլ լինի, պետք է մնանք: Սա մեր հայրենիքն է: Մեր որոշումը իրականացրինք: Եվ հիմա մեր թոռնիկները Հայաստանում են ու լավ հայեր են, ինչի համար շատ ուրախ եմ: Մենք չենք հավատում ուրիշ երկիր գնալու, այնտեղ այլասերվելու հեռանկարին: Ցավով եմ վերաբերվում, երբ Լիբանանից կամ Միջին Արևելքից հայերը տեղափոխվում են Արևմտյան Եվրոպա, Ամերիկա: Սա այլասերվելու ճանապարհն է: Եթե նույնիսկ մեկ սերունդ էլ դիմանան, հայ մնան, երկրորդ սերունդն արդեն չի կարող հայ լինել, իբրև հայ` նրանք կվերջանան: Մեր ընտանեկան մոտեցումն այս է: Բայց, դժբախտաբար, «Դեպի երկիրը»` Ակնունու երևակայած չափով և իմաստով, չիրականացավ: Երբեմն մամուլում, հեռուստատեսությամբ էլ լսում ենք դեպի երկիր վերադառնալու կոչեր: Բայց դեպի երկիր վերադարձը չի նշանակում, որ պետք է սփյուռքից իրենց կուսակցություններով գան երկիր` հայրենիք, այստեղ գրասենյակներ բացեն ու ինչ-որ գաղափարախոսություն քարոզեն: Դա վերադարձ չէ դեպի երկիր: «Դեպի երկիր» նշանակում է զանգվածային վերադարձ դեպի հայրենիք: Մի բան, որ չեղավ, դժբախտաբար: Սրա պատասխանատուները շատ են, տարբեր ճակատներում են: «Դեպի երկիր» նշանակում է վերադառնալ երկիր հայրենասիրությամբ, նշանակում է հայրենիքում բնակվող հայերի համար բարվոք պայմաններ ապահովել, նրանց իբրև եղբայրներ, հարազատներ ընկալել: Այս բաները չկան մեր իրականության մեջ, դժբախտաբար: Ընդհակառակը, շատ հակասություններ կան, որովհետև այդ դաստիարակությունը դրված չէ ոչ սփյուռքահայերի, ոչ էլ հայրենաբնակ հայերի մեջ: Անհատական ձեռնարկներով, մի հազար հոգու վերադարձով հայրենիքը չի փրկվի, ոչ էլ սփյուռքը կազատվի իր վտանգներից: Սա մեր գլխավոր ցավն է, որի հիմնական պատասխանատուները մեր ղեկավարներն են, որտեղ էլ լինեն նրանք` Հայաստանում, թե հայկական գաղութներում:
-Խոստովանում եք, որ վերջին շրջանում Բեյրութում մի յուրօրինակ ինքնամեկուսացման մեջ եք ապրում, չեք ցանկանում մասնակցել հասարակական-քաղաքական անցուդարձերին: Այդ անցուդարձերը անցանկալի դրսևորումնե՞ր ունեն այնտեղ:
-Յուրաքանչյուր հայկական գաղութում, ուր կա ազգային կյանք, կան հակամարտություններ, որ հաճելի երևույթ չէ: Փոխանակ միասնական կյանք վարեն, վերելքի ձգտեն, միմյանց հետ բախվում են անվերջ: Այդպես է Բեյրութում, Լոս Անջելեսում, մյուս հայաշատ վայրերում:
-Ստացվում է, որ մենք ոչ այստեղ` հայրենիքում ենք կարողանում միաբան լինել, ոչ սփյուռքո՞ւմ:
-Այո՛, այդպես է: Եվ չպետք է վախենալ իրականությունը ներկայացնելուց: Երբ տապալվեցին խորհրդային կարգերը, մենք տեսանք, որ մերձբալթյան և արևելաեվրոպական երկրները կարողացան վերականգնվել, որովհետև իրենց քաղաքացիները վերադարձան հայրենիք, բերեցին իրենց դրամագլուխները, գիտական միտքը և զարգացրին հայրենի երկրները: Մեր դեպքում հակառակը պատահեց. մեկ միլիոնից ավելի հայրենաբնակներ լքեցին երկիրը, դարձան եվրոպաբնակ կամ ամերիկաբնակ գաղթականներ, ու նրանցից շատերի զավակներն արդեն հայերեն չեն խոսում: Սա ցավ է այդ երեխաների ծնողների համար:
-Եվ ցավ` բոլորիս համար:
-Բնականաբար: Մենք անգամ չգիտենք իրական թիվը մեր արտագաղթածների: Շատերն անլեգալ են ապրում դրսում: Եվ ի՞նչ աշխատանք է տարվում այս վտանգների առաջն առնելու ուղղությամբ: Ոչ մի աշխատանք: Ինչ էլ արվում է, ձևական բաներ են: Սփյուռքահայը գալիս է Հայաստան, և շատերը դա դիտում են որպես դրական շարժում: Մինչդեռ, ըստ իս, այդ եկողների զգալի մասն ընդամենը զբոսաշրջիկ է, որ գալիս է Հայաստան ոչ թե հայրենասիրությունից, այլ հետաքրքրասիրությունից դրդված: Դրանք տարբեր բաներ են: Դժբախտությունն այս է, և մեր առջև ծառացած վտանգը մեծ է: Իսկապես շատ մեծ է: ՈՒ այս ուղղությամբ աշխատանք տանող չկա:


«ՄԵՆՔ` ՀԱՅԵՐՍ, ՄԻԱԲԱՆ ՉԵՆՔ»


-Վերջերս մի պատմություն լսեցի` կապված Վիլյամ Սարոյանի հետ: 1977 թվականին նա, հյուրընկալվելով ավստրիահայ գաղութի ներկայացուցիչների մոտ, խուսափել է ներքաշվելուց միջկուսակցական խժդժությունների մեջ ու գերադասել է հանդիպել միայն հայ ուսանողների հետ: Նման երևույթները նաև Բեյրութո՞ւմ են զգալի:
-Նույն այդ յոթանասունական թվականներին մենք էլ Բեյրութում հյուրընկալեցինք մի ոչ պակաս նշանավոր հայի (անունը չտամ), որի առաջին հարցն այս էր. «Տակավին հնչակ, դաշնակ իրար հետ կկռվի՞ք»: Սա արդեն նշանակում է, որ մենք` հայերս, միաբան չենք: Այդպիսի օրինակներ շատ կարելի է բերել: Այս ախտը վաղուց է մեր մեջ բույն դրել: Այդ դեպքից քառասուն տարի է անցել, բայց մենք հիմա ավելի ենք խորացել մեր ներքին հակամարտությունների մեջ: Սա վերաբերում է թե՛ սփյուռքին, թե՛ Հայաստանին: Շատ տխուր է, զարմանալի և մեղադրելի այս երևույթը:
-Չնայած ներամփոփ կյանքով ապրող մարդ եք, հրապարակային շփումներից զերծ եք մնում, բայց Ձեր ստեղծագործական ժանրը դրամատուրգիան է, որը նախատեսված է հենց հրապարակայնորեն ներկայացնելու, հանդիսականների համար թատերախաղի վերածելու համար: ՈՒրեմն, այնուամենայնիվ, ունե՞ք զանգվածների հետ շփվելու նպատակ:
-Ասեմ, որ անձնապես մեկուսացած լինելս չի նշանակում, որ հայության, մասնավորապես` բեյրութահայության հետ կապերս կտրել եմ: Պարզապես տգեղ երևույթներից հեռու ապրելու նպատակն ունեմ: Այդուհանդերձ, շատ մանրամասնորեն հետևում եմ բոլոր անցուդարձերին, տեղեկանում եմ ամեն ինչի մասին մամուլից, հեռուստատեսությունից, այլ աղբյուրներից: Ժամանակին շատ էի հանդես գալիս հրապարակախոսական հոդվածներով, անդրադառնում էի հայ իրականության մեջ կատարվող կարևոր իրադարձություններին: Շատ անկեղծ էի իմ տեսակետներում, մի բան, որ չէր խրախուսվում, որովհետև ասելիքիս սլաքներն ուղղվում էին մի շարք մարդկանց կողմը: Նաև արձակ գործեր էի գրում: Հիմա ավելի շատ կենտրոնացել եմ թատերական գրականության վրա, որովհետև այդ ոլորտում ինձ ավելի ճիշտ եմ զգում:

«ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ Է ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ, ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՕՐԵՆՔ, ՈՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԲՌՆԱՑՈՂԻՆ»


-Ո՞րն է Ձեր գրականության գլխավոր թեման:
-Թեմաս մարդն է և ընկերային կյանքը: Մարդը, որ նաև հայն է, և ընկերային կյանքը, որ նաև հայ ընկերային կյանքն է: Ընդհանրապես քննադատաբար եմ մոտենում իմ ասելիքին, իմ արտահայտած մտքերին: Շատերն ասում են, որ իմ քննադատական մոտեցումը ժխտական բան է, խնդրահարույց է: Ոչ, այդպես չէ: Դա դրական բան է: Երբ ինձ արգելում են բազմաթիվ բաներ, երբ իմ գործերը համարում են խնդրահարույց, ես պատասխանում եմ ամենապարզ ձևով. եթե իմ գործերը խնդրահարույց են, նշանակում է` խնդիր կա, և այն պետք է հարուցել: Եվ ուրեմն պետք է մտածել այդ խնդիրների լուծումները գտնելու մասին: Եթե գտնենք այդ լուծումները, կկարողանանք դեպի դրական կյանքը գնալ: Իսկ եթե լռենք, չխոսենք այդ խնդիրների մասին, դրանք կմնան չլուծված, մեր կյանքում որևէ դրական տեղաշարժ չի կատարվի: Դժբախտաբար, այսպես ազատ մտածող, իրենց ձայնը բարձրացնող մարդիկ քիչ են մեր մեջ: Դարձյալ խոսքս վերաբերում է թե հայրենիքին, թե սփյուռքին: Հանրության համար էլ շատ դժվար է, որովհետև հանրությունը մերժված է, անտեսված: Ամենակարևորն այն է, որ տեր կանգնեն հանրությանը: «Կամար» պարբերականի երկու համարներում ես շարունակական հրապարակում եմ արել բանավեճի մասին: Ի՞նչ եմ ցանկացել ասել այդ հրապարակումով: Ես ներկայացրել եմ, թե ինչպես են կարողանում բանավիճել եվրոպացիները, բերել եմ դրա պատմական հիմնավորումները: Ապա անդրադարձել եմ մեր` հայերիս բանավիճելու կերպին: Հայերիս մեջ «բանավիճել» հասկացությունը իսպառ բացակայում է, մեր մեջ վեճի հոգեբանություն, վեճի հոգեվիճակ կա միայն: Երբ որևէ միտք մեզանում մերժողական է լինում, դա ոչ թե ազնիվ, դրական իմաստով բանավեճի առիթ է տալիս, այլ վերածվում է վեճի: Մենք պետք է կարողանանք բանավիճել, ոչ թե վիճել: Չենք կարողանում: Սա վկայում է այն ճշմարտությունը, որ մեր մեջ դաստիարակչական խնդիրների պակաս կա: Ո՞վ պիտի այդ պակասը լրացնի, ո՞վ պիտի դաստիարակի մեզ: Այդ հարցերը շատ կարևոր է արծարծել: Շատ կարևոր է վերլուծել մարդ արարածին` իր թերություններով, կյանքի դրական և բացասական կողմերի հանդեպ նրա վերաբերմունքի դրսևորումներով: Մարդուն պետք է զերծ պահել բռնությունից: Ֆիզիկական և հատկապես բարոյական բռնության պարագան հրաշալի թեմա է, որին պետք է խորապես անդրադառնալ:
-Ո՞վ պետք է անդրադառնա կոնկրետ:
-Բոլորս: Պիտի ասեմ, որ ֆիզիկական բռնության թեմայի վերաբերյալ այսօր շատ է խոսվում: Մինչդեռ բարոյական, հոգեբանական բռնությունն առավել շատ է մեր կյանքում, և աշխարհում չկա որևէ օրենք, որով կարելի է դատապարտել բռնացողին: Չկան գրված, սահմանված պատիժներ մարդուն հոգեբանական բռնությունների ենթարկելու պարագայի համար: Եվ սա ավելի անպատժելի է դարձնում բռնացողներին, ուժ է դնում նրանց ձեռքը: ՈՒժը դարձել է վճռական զենք բռնացողի ձեռքում: Այս բաների դեմ է, որ պիտի պայքարենք: Եթե մարդուն վնասում են ֆիզիկապես, սպանում են կամ կոտրում ձեռքը, ոտքը, օրենսդրական սահմանված նորմերով մեղավորին դատապարտում են` ըստ պատճառված վնասի չափի: Իսկ ինչպե՞ս չափել այն բռնությունը, որը մարդուն հաշմանդամ է դարձնում հոգով, որի հետևանքով մարդը դադարում է բարոյապես լիարժեք լինելուց: Սա էլ է, չէ՞, վնաս: Ինչպե՞ս չափես այդ վնասը, ինչպե՞ս պատժես վնասողին: Սա մենք չգիտենք:


«ՈՐԵՎԷ ՀԱՅ ՉՊԻՏԻ ՄՏԱԾԻ, ՈՐ ՆՈՐ ԿՅԱՆՔ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ»


-Ո՞րն է մեր ունեցած անմխիթար վիճակից փրկվելու ճանապարհը:
-Ես նախ և առաջ մտահոգ եմ մեր հայրենիքին վերաբերող հարցերով: Եվ կրկնել եմ ցանկանում ևս մեկ անգամ, որ մեր հայրենիքի փրկությունը հայրենադարձությունն է: «Դեպի երկիր» դառնալը փրկություն է ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի համար: Սփյուռքը վտանգված է սարսափելիորեն: Շատ արագ է այնտեղ ընթանում այլասերումի երևույթը: Սրա պատասխանատուները կան, իհարկե, և պետք է նրանց անունները տալ, մատնանշել այս ամենի մեղավորներին: Պետք չէ, որ սփյուռքի մեր քաղաքական ուժերը քննադատեն հայրենիքը, հայրենիքի ղեկավարությանը, այստեղ գոյություն ունեցող բացասական երևույթները: Դա սխալ մտածելակերպ է: «Դեպի հայրենիք» շարժումը պետք է իրականացվի զանգվածաբար: Հայրենիքը պետք է լինի բոլորի հանգրվանը: Մեր հայրենիքի փրկությունը դեպի երկիր վերադառնալու մեջ է: Անշուշտ, դա նաև փրկություն է սփյուռքի համար: Որևէ հայ չպիտի մտածի, որ նոր կյանք սկսելու համար հարկավոր է մեկնել հայրենիքից: Ինչքան էլ դժվար լինի կյանքը Հայաստանում ¥բոլորս էլ գիտենք, որ իսկապես շատ դժվար է¤, փրկությունը, ելքը հայրենիքը լքելը չէ: Պետք է պահանջել, որ պատասխանատուները լուծումներ գտնեն այս դժվարությունների համար, ելքեր գտնեն ստեղծված իրավիճակից: Սփյուռքի քաղաքական ուժերն էլ իրենց հերթին ամեն ինչից առաջ պիտի մտածեն դեպի երկիր վերադարձի մասին: Եթե այսպես չմտածենք և այսպես չգործենք, ուրեմն մենք` որպես ազգ, վերջացած ենք թե հայրենիքում, թե սփյուռքում:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ